Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

caviar-diplomacy.net նորաստեղծ կայքում զետեղված են ծավալուն տեղեկություններ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ կապված անձանց մասին

caviar-diplomacy.net նորաստեղծ կայքում զետեղված են ծավալուն տեղեկություններ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ կապված անձանց մասին
02.06.2017 | 10:36

ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հանրային կապերի վարչությունը հանրության դատին ներկայացրեց «Caviar Diplomacy» ամսագիրը, որում զետեղված են նյութեր միջազգային մամուլում ադրբեջանական խավիարային դիվանագիտության վերաբերյալ: Հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության վերաբերյալ միջազգային մամուլում տեղ գտած նյութերն առավել մանրամասն ներկայացված են նոր ստեղծված caviar-diplomacy.net կայքում, որտեղ փորձել են հավաքել տեղեկություններ բոլոր այն մարդկանց մասին, ովքեր ներկայացված են ադրբեջանական խավիարային դիվանագիտության մեջ, արտասահմանյան մամուլում այդ թեմայի վերաբերյալ նյութերը: «Մենք թեմայով զբաղվող մասնագետների և լրագրողների համար հնարավորինս հեշտացրել ենք կայքը, որպեսզի նրանք կարողանան հանգիստ օգտվել, նյութեր վերցնել»,- ընդգծեց նա:


«Քսենոֆոբիայի կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանը, ներկայացնելով կայքը, ընդգծեց, որ այն ռուսերեն և անգլերեն է, քանի որ հիմնական նյութերը, զեկույցները, հրապարակումներն այդ լեզուներով են: «Որոշեցինք, որ այս պահին հայերեն նյութերի անհրաժեշտություն չկա, քանի որ մեր հասարակությունը երկու լեզուներին էլ տիրապետում է և կարող է այդ լեզուներով ծանոթանալ նյութերին: Մենք փորձել ենք տեղեկատվությունը ներկայացնել ըստ մի քանի կատեգորիաների, որպեսզի մարդկանց համար ավելի հարմար և մատչելի լինի կայքից օգտվելը և դրանում ներառված նյութերին ծանոթանալը»,- ասաց Ադիբեկյանը:


Նա նշեց, որ առաջինն աշխարհագրական սկզբունքն է, որտեղ ներառել են աշխարհի ամենահանգուցային կետերը, որտեղ ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առավել ակտիվ է աշխատում՝ Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Ռուսաստան, ԱՊՀ: «Մենք տեղեկություններ ենք հավաքել բոլոր այն անձանց մասին, որոնց անուններն այս կամ այն ձևով շոշափվել են խավիարային դիվանագիտության շրջանակներում: Առաջինը բոլորին հայտնի իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն է, ում դեմ հիմա քրեական գործ է հարուցված: Տեղեկություններ ենք հավաքել Բրենդա Շաֆերի մասին, ով գիտությամբ է զբաղվում և Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեություն իրականացնելու ընթացքում մոռանում է հիշատակել, որ ինքն ադրբեջանական SOCAR նավթային ընկերության ներկայացուցիչ է: Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մեջ ընդգրկված անձանցից են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահը, Աուրելիա Գրեգորիուն, Պեդրո Ագրամունտը և այլն: Կայքում այս բոլոր անձանց մասին տեղեկատվություն կա»,- հայտնեց Ադիբեկյանը:


Կայքում ներկայացված են Ադրբեջանի խավիարային դիվանագիտության վերաբերյալ բոլոր զեկույցները: «Ներառել ենք Եվրոպայի կայունության նախաձեռնության զեկույցը, որից սկսվեցին խավիարային դիվանագիտության բացահայտումները: Ներկայացնում ենք նաև այլ հարգված ու հայտնի կազմակերպությունների զեկույցներ ադրբեջանական խավիարային դիվանագիտության վերաբերյալ: Անդրադառնում ենք նաև մամուլին. զետեղել ենք թեմայի վերաբերյալ միջազգային մամուլում տեղ գտած վերլուծական նյութեր, հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություններ: Փորձել ենք նաև կատեգորիաներ տալ ըստ ոլորտների, որպեսզի հասկանանք, թե հատկապես որ ոլորտներում են առավել ակտիվ ադրբեջանական լոբբիստական գործիչները: Նրանք հիմնականում գործում են օրենսդրական դաշտում, այսինքն՝ հիմնականում աշխատում են պատգամավորների հետ, շատ ավելի քիչ` գործադիր մարմինների կամ բիզնես շրջանակների հետ»,- մանրամասնեց Արմինե Ադիբեկյանը:
Կայքում տեղ են գտել նաև վերջին շրջանում ադրբեջանական դիվանագիտության ձախողումները: Նախաձեռնության հեղինակներն ադրբեջանական դիվանագիտության ամենաաղմկահարույց ձախողումը համարել են նախորդ տարի Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի հետ կապված պատմությունը, երբ պարզվեց, որ շատ մեծ գումարի դիմաց են ստացել արձանը տեղադրելու թույլտվություն, իսկ արձանն ի վերջո ապամոնտաժվեց: Ադրբեջանական դիվանագիտության ձախողում են համարել նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի, իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեի` ադրբեջանական խավիարային դիվանագիտության հետ կապի բացահայտումները:

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ