Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալեքսեյ Կուդրին. Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների

Ալեքսեյ Կուդրին. Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների
02.06.2017 | 20:15

ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը պնդում է՝ Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների, անգամ կորսված տասնամյակից հետո, երբ տնտեսական աճը միջինում մեկ տոկոս էր:

Bloomberg-ին տված հարցազրույցում նա պատմել է ՌԴ նախագահի հետ իր վերջին հանդիպման մանրամասները: Անցած տարի՝ Ռուսաստանի խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, Վլադիմիր Վլադիմիրովիչը հանձնարարել էր Կուդրինին առողջացման ծրագիր մշակել, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել ներդրողների կողմից: Կուդրինը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաերկարակյաց ֆինանսների նախարարն էր, նրա օրոք կառավարությունը մարեց 90-ականների վերջից կուտակված արտաքին պարտքի էական մասը: Փորձառու տնտեսագետը պնդում է՝ այսօր Ռուսաստանի տնտեսությունն աշխուժացնելու և զարգացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել պետության դերը տնտեսության մեջ, կրճատել կախվածությունը նավթից, ներդրումներ անել կրթության ոլորտում և բարեփոխել հարաբերություններն Արևմուտքի հետ:
«Օրինակ, նավթային ոլորտը պետք է առաջիկա 7-8 տարիներին ամբողջությամբ սեփականաշնորհվի, մենք այնտեղ պետական ընկերությունների կարիքն այսօր չունենք, պետությունը պետք է միջամտի միայն անվտանգության, երբեմն՝ սակագնի հարցում, մնացած խնդիրները գործարարներն իրենք կլուծեն: Պետական ընկերություններում՝ դոտացիաների տեսքով ներդրումներ անելու փոխարեն կառավարությունը պետք է այդ գումարները ենթակառուցվածքների զարգացմանը ուղղի»,- ընդգծում է Ալեքսեյ Կուդրինը:


Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում՝ Կուդրինը ներկայացրեց իր ծրագրի հիմնական դրույթները, ընդգծելով՝ առաջիկա տարիներին տնտեսական աճը անգամ 3 տոկոսի հասցնելու համար Ռուսաստանը պետք է կարողանա ապրանքներ արտադրել, որոնք կսպառվեն ողջ աշխարհում: «Իսկ դրա համար անհրաժեշտ է նոր արտաքին քաղաքականություն, փոխզիջումների գնալու ու պայմանավորվելու ունակություն»,- ընդգծեց նախկին նախարարը: «Տնտեսական աճի ավելի բարձր տեմպ ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն պայմաններ ստեղծել նորարարության ու արտադրության զարգացման համար, այլև դուրս գալ մրցունակ շուկա ու դիմանալ այդ մրցակցությանը: Մեզ մեր ներքին շուկան բավարար չէ, տնտեսությունը աշխուժացնելու համար մեզ անհրաժեշտ է կրկնապատկել ոչ հումքային արտահանումը, ինչը նավթ ու գազ վաճառելուց շատ ավելի բարդ է»,- ասաց Կուդրինը:


Նախկին նախարարը թերահավատ է, որ գործող իշխանություններն իր առաջարկներին կհետևեն: «Դրանք շարքից կհանեն Պուտինի ստեղծած՝ կենտրոնացված կառավարման համակարգը, որը արտոնություններ է տալիս իշխանությանը մոտ կանգնածներին»,- Bloomberg-ին տված հարցազրույցում պնդել է Ալեքսեյ Կուդրինը՝ ընդգծելով. «Ռուսաստանը աղետալի ձևով ժամանակ է կորցնում, իշխանությունները, ցավոք, շատ դանդաղ են հասկանում, որ անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ»:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ