ԱՄՆ քաղաքները, նահանգները և բիզնեսները կարող են ի կատար ածել Փարիզի կլիմայական փոփոխությունների համաձայնագրով ԱՄՆ ստանձնած պարտավորությունները, չնայած ԱՄՆ-ը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին՝ հունիսի 2-ին հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
«Ամերիկացիները Վաշինգտոնի կարիքը չունեն Փարիզի պարտավորությունները կատարելու համար, և ամերիկացիները թույլ չեն տա Վաշինգտոնին խոչընդոտել դրանց իրականացմանը»,- հայտարարել է Բլումբերգը՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:
Բլումբերգը, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացն է Քաղաքների և կլիմայական փոփոխությունների գործերով, հայտարարել է, որ անցած տասնամյակում ԱՄՆ-ը գլխավորել է արտանետումների նվազեցման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: «Եվ այդ աշխատանքի հիմնական մասը ի կատար է ածվել քաղաքացիների, բիզնեսների և քաղաքների ջանքերով, այլ ոչ թե կառավարության»,- հավելել է նա՝ շեշտելով, որ այդ գործում մեծ դեր են խաղացել շուկայական ուժերը՝ արևային էներգիան, քամու էներգիան և էլեկտրականության գեներացման համար բնական գազի օգտագործումը դարձնելով ածխից ավելի եկամտաբեր: Հունիսի 2-ին, Կալիֆոռնիայի նահանգապետը մեկնել է Չինաստան՝ քննարկելու կլիմայական համաձայնագրով սահմանված պարտավորությունները իրագործելու հնարավորությունները՝ չնայած Թրամփի վարչախմբի հայտարարությանը՝ համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ: