Լոնդոնի ոստիկանությունը հաղորդում է երեք տարբեր վայրերում` Լոնդոնի կամրջի վրա, կենտրոնական Բորրու Մարքեթ շրջանում և Վոքսհոլում, հարձակումների մասին: Նախ հաղորդվեց, որ սպիտակ բեռնատար մեքենան վրաերթի է ենթարկել Լոնդոնի կամրջով անցնող հետիոտներին: Ըստ BBC֊ի լրագրողի, որ պատահաբար եղել է կամրջի վրա, մեքենան ընթացել է մոտ 80 կմ/ժ արագությամբ և անակնկալ դուրս եկել մայթ, հարվածել անցորդներին, տուժել է առնվազն 5-6 մարդ, վրաերթից հետո մեքենան կանգ չի առել:
Քաղաքի կենտրոնում գտնվող Բորրու Մարքեթում մեքենայից դուրս են եկել մի քանի մարդ ու սկսել դանակահարել պատահական մարդկանց, ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել: Գիշերը ոստիկանությունը շուրջկալել է քաղաքի կենտրոնական հատվածը, Լոնդոնի կամրջին հարակից մետրոյի կայարանը փակել է: Ըստ ականատեսների, տեղում աշխատում են բազմաթիվ ոստիկաններ, գործողությանը մասնակցում են նաև ուղղաթիռներ: Իրավապահները քաղաքի բնակիչներին Թվիթերում խորհուրդ են տալիս «վազել, թաքնվել և պատմել տեսածի մասին»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, թե կատարվածը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչական հարձակում: Քիչ անց ոստիկանությունը Լոնդոնի կամրջի և Բորրու Մարքեթի միջադեպերը որակեց որպես ահաբեկչություն:
Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայությունը՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ BBC-ի, հարձակումների զոհերի թիվը հասել է 6-ի, կա 48 վիրավոր։