7 զոհ, շուրջ 50 վիրավոր՝ այսպիսին են Մեծ Բրիտանիայում հերթական ահաբեկչական հարձակման հետևանքները: Լոնդոնի գիշերային ահաբեկչությունը երրորդն էր վերջին երեք ամիսներին: Ահաբեկչությունը կատարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններից 5 օր առաջ՝ շաբաթ ուշ երեկոյան` տեղի ժամանակով ժամը 10-ից հետո: Հարձակման թիրախ էր ընտրված Լոնդոնի ամենամարդաշատ թաղամասերից մեկը` գործարար կենտրոն համարվող Սիթիի հարևանությամբ գտնվող Լոնդոնի կամուրջը և հարակից «Բորո Մարքեթ» շուկան:
Վաղ առավոտյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Դաունինգ սթրիթ 10-ի իր նստավայրում ուժային կառույցների ղեկավարների և Լոնդոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն հրավիրեց, որի ավարտին ասաց. «Անցած գիշեր մեր երկիրը ևս մեկ անգամ դաժան ահաբեկչական հարձակման թիրախ դարձավ: Ըստ ամենայնի, մենք դարձել ենք նոր միտման ականատեսը, երբ ամեն մի ահաբեկչական գործողություն նորն է ծնում: Ահաբեկչական գործողությունների հեղինակներն այժմ ոչ միայն տարիներ շարունակ մշակվող դավադրությունների մասնակից են դառնում, ոչ միայն համացանցում ծայրահեղական քարոզչության ազդեցության տակ են հայտնվում, այլև նմանակում են մեկը մյուսին»:
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի խոսքով՝ այժմ իրավապահներն ու քաղաքային իշխանությունները փորձում են պարզել ահաբեկչական հարձակման զոհերի ինքնությունը: Վիրավորների մի մասի վիճակը բավական ծանր է:
«Ահաբեկչական այս գործողությունը որևէ արդարացում ունենալ չի կարող: Մենք երբեք թույլ չենք տա, որ նրանք հաղթեն կամ վախի մեջ պահեն մեր քաղաքը կամ լոնդոնցիներին»՝ ասել է քաղաքապետը:
Բրիտանիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության` լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը, ում վարկանիշը խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ զգալիորեն աճել է, հայտարարում է, որ իր կուսակցությունը չի կարող շարունակել քարոզարշավը մի իրավիճակում, երբ Լոնդոնը ահաբեկչական հարձակման թիրախ է դարձել: «Ես ցնցված և սարսափած եմ այն ամենից, ինչ մենք տեսանք անցած գիշեր: Դա սարսափելի ահաբեկչական հարձակում էր, որ կրկին կյանքեր խլեց: Այդ իսկ պատճառով մեր կուսակցությունը որոշեց 24 ժամով դադարեցնել նախընտրական արշավը ողջ երկրի տարածքում: Հետագայում մենք կշարունակենք, որ հստակ ուղերձ հղենք` ժողովրդավարությունը հաղթում է: Եթե մենք թույլ տանք, որ այս հարձակումների արդյունքում խաթարվի ժողովրդավարական գործընթացը, դա պարտություն կլինի բոլորիս համար»,- հայտարարում էր բրիտանացի լեյբորիստների առաջնորդը: