Հունիսի 5-ին Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը, արտակարգ իրավիճակների, աղետների կանխարգելմանն ու չեզոքացմանն ուղղված հիմնախնդիրները: Կողմերը նշել են, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության նվաճումներից էր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը, որը միակն է տարածաշրջանում և մասշտաբային աղետների դեպքում կարող է օգնություն ցուցաբերել տարածաշրջանային մակարդակով:
Ընթացքի մեջ է Կենտրոնի գործարկման 2-րդ փուլը հագեցումը ժամանակակից փրկարարական տեխնիկայով, որն անհրաժեշտ է Կենտրոնի անխափան գործունեության համար (մոտոպոմպեր, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ՝ վթարավերականգնողական աշխատանքների համար): Նախատեսվում է տեխնիկապես հագեցնել նաև Կենտրոնի Իրավիճակային դահլիճը, բացի այդ՝ տեղում պարբերաբար դասընթացներ և վերապատրաստումներ են անցկացնում ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի («Центроспас») մասնագետները:
Կողմերը պայմանավորվել են հաստատել Կենտրոնի 2017-2018-ի գործողությունների պլանը, որը կապահովի Կենտրոնի զարգացումն ու ֆունկցիոնալ անխափանությունը: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ երկու երկրների համագործակցությունը լինելու է շարունակական և ընդլայնվելու է՝ ներառելով բազմաթիվ վեկտորներ: