Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների գործակցության զարգացման հեռանկարները արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտներում: Դիտարկվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների արձագանքման միացյալ տեղեկատվական-ծրագրային համակարգի գործարկման հարցը, որը ստեղծված է ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման և համագործակցության երկկողմ կանոնակարգերի հիման վրա:
Քննարկման ժամանակ ընդգծվել է խոշոր արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում օգնության հավաքական արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Կողմերը նպատակահարմար են գտել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԻ համակարգող խորհրդի առաջիկա նիստում քննարկել կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման կանոնակարգի իրականացման հարցը, որը հաստատվել է 2011թ. դեկտեմբերի 20-ին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ:
Հանդիպմանը դիտարկվել են նաև ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ուժերի և միջոցների պատրաստման խնդիրները: