Նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է իր և վարչապետ Կարեն Կարապետյանի լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները։ Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում, Կողբի զորամասում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:
«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի,-ասել է նախագահը՝ շարունակելով,- պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե կուսակցության, թե իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»։