ԱՄՆ աջակցությունը վայելող ուժերը հայտարարել են սիրիական Ռաքքա քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությունների մեկնարկի մասին: Ռաքքան «Իսլամական պետությունը» «խալիֆաթի մայրաքաղաք» է հռչակել, ծայրահեղական խմբավորման կարևորագույն հենակետն է Սիրիայում: «Այսօր մենք հայտարարեցինք Ռաքքայի ազատագրման մեկնարկի մասին»,- հունիսի 6-ին ասել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի պաշտոնական ներկայացուցիչ Թալալ Սիլոն:
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության իրավապաշտպանների փոխանցմամբ՝ քրդերի և արաբների կոալիցիոն ուժերը այսօր վաղ առավոտից ծանր մարտեր են մղում Ռաքքայի արևելյան և հյուսիսային շրջաններում: Ռաքքայի վրա հարձակումը տեղի է ունենում Մոսուլ քաղաքն ամբողջությամբ ազատագրելու մասին Իրաքի կառավարական ուժերի հայտարարությանը զուգահեռ: Մոսուլը «Իսլամական պետության» զինյալների ամենախոշոր հենակետն էր Իրաքում: