Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Իրանի խորհրդարանում և Թեհրանում 1979 -ի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցների մասին։ Զինված տղամարդը Խոմեյնիի դամբարանում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ։
Մեկ այլ զինված անձ կրակոցներ է արձակել խորհրդարանի ներսում՝ վիրավորելով հսկիչին, գրում են իրանական լրատվամիջոցները։ Պատգամավոր Էլյաս Հազրաթին ասել է, որ խորհրդարանում երեք տղամարդ կա՝ զինված Կալաշնիկովի ինքնաձիգով ու ատրճանակով։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են երեք սպանվածի մասին։ Թեհրանում երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ հայտնում է «Ֆարս» գործակալությունը։ Ըստ գործակալության՝ առավոտյան չորս զինված անձանցից երեքը կրակ են բացել Թեհրանում 1979 -ի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանի տասնյակ այցելուների վրա, չորրորդն ինքն իրեն պայթեցրել է սրբավայրի դիմաց՝ ոստիկանական հենակետի մոտ։
Զինյալներից մեկը սպանվել է բախումների ժամանակ, մյուսը ինքնասպանություն է գործել ցիանիդի պարկուճը կուլ տալու միջոցով, մեկն էլ կին է եղել, որը սպանվել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։ Հարձակումը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանում հնչած կրակոցների հետ միաժամանակ։