Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը, որը ստեղծվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ունենալու է 5 անդամ՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այդ անդամներին ընտրելու է խորհրդարանը պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամների թեկնածուների առաջադրման համար պետք է ստեղծվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու է Դատավորների բարձրագույն խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը, որը պետք է ներկայացնի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի:
«Այս մրցութային խորհուրդը թեկնածուների մրցույթ է անցկացնելու, որը լինելու է բաց. համակարգչային եղանակով թեստավորում է լինելու ստուգելու թեկնածուների գիտելիքները: Թեկնածուների հարցազրույցն ընթանալու է լրատվամիջոցների ու քաղհասարակության ներկայացուցիչների ներկայությամբ: Արդյունքում ընտրված թեկնածուները ներկայացվելու են Ազգային ժողովին»,- ներկայացրեց Հովհաննիսյանը: