ՀՀ նախագահին այսօր հայ-չինական հարաբերությունների օրակարգի և հատկապես տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը և Ռոբերտ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարևոր դեր ունեցող տնտեսական բաղադրիչին` նախագահն ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների և ներկայացուցչությունների կարևորագույն խնդիրներից մեկը եղել և մնում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների տարածումն այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում, նաև՝ Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության աշխատանքները: Դեսպան Մանասարյանից նա հետաքրքրվել է, թե ի՞նչ ընթացքում են հայ-չինական բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքները, տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերը, հատկապես ո՞ր ոլորտներում են չին գործարարները հետաքրքրված ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին, դեսպան Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարումից ի վեր ի՞նչ աշխատանքներ է իրականացրել Չինաստանում Հայաստանի դեսպանությունը:
«2016-ին մենք լսեցինք Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Ավստրիայում կատարվող աշխատանքների մասին: 2016-ին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հաստիք սահմանեցինք՝ հատուկ երկկողմ տնտեսական հարաբերություններով զբաղվելու համար: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է տեսանելի ապագայում լսելու նաև փոխնախարարի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին»,-նշել է նախագահը: Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին և ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ խոր պատմական արմատներ ունեցող ավանդական ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 25 տարիներին հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական և վերընթաց ուղիով: «Ակնհայտ է, որ Չինաստանի հետ մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները շատ ենք կարևորում. միայն հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանի հետ մենք ունենք ծավալներով երկրորդ առևտրաշրջանառությունը՝ շատ բանի մասին է խոսում: Իհարկե, պետք է ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ: Ցուցանիշը, թեև մեր տնտեսության համար բավականաչափ բարձր է, այնուհանդերձ, կարծում եմ, որ ներուժը շատ ավելի մեծ է:
Մեր տնտեսական, քաղաքական հարաբերությունների ակտիվացման մասին մենք հանգամանորեն խոսել ենք Չինաստանի նախագահի հետ՝ այդ երկիր կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Պարոն Սի Ցզինպինի և վարչապետ Լի Կեցյանի հետ հանգամանորեն անդրադարձել ենք նաև մեր տնտեսական հարաբերությունների աշխուժացման խնդիրներին: Այդ խնդիրները քննարկել ենք նաև 2016-ին Հայաստան այցելած Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունների հետ:
Հուսով եմ, որ բոլոր պայմանավորվածությունները կիրականանան, և բնական է, որ տեղյակ եմ, որ այդ պայմանավորվածություններն այսօր ընթացքի մեջ են:
Նախորդ տարի Երևանում տեղի ունեցավ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման հանդիսավոր արարողությունը: Այդ դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա աշունը: Այս հանգամանքը շատ եմ կարևորում, որովհետև լեզվի իմացությունը կարևորագույն հանգամանք է ոչ միայն քաղաքական հարաբերությունները ջերմ պահելու, այլև, անշուշտ, տնտեսական հարաբերությունները խորացնելու գործում:
Մենք մշտապես ունեցել ենք ՉԺՀ ղեկավարության աջակցությունը՝ տեխնիկական օժանդակությունը մեր երկրին, որը, իհարկե, շատ լավ է, սակայն այսօր մեզ համար ոչ պակաս կարևոր է և անհրաժեշտ տնտեսական, բիզնես հարաբերությունների խորացումը բարեկամ Չինաստանի հետ: Մեզ համար, իհարկե, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, և այս ծրագրի իրականացման գործում մենք անպայման պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք մեր մասով: Չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանը, բայց մենք պետք է նաև անպայման դիտարկենք նրանց մասնակցությունը պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից: Եվ ես չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, և դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում: Կարևորում եմ նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում, որտեղ այդ երկիրը շատ մեծ ներուժ ունի: Եվ այն հանգամանքը, որ մենք ավելի դյուրին դարձրինք մուտքի արտոնագրերի ստացումը Չինաստանի քաղաքացիների համար, զգալիորեն կնպաստի այդ ոլորտում փոխգործակցության աշխուժացմանը»,- հանդիպման սկզբում ասել է նախագահ Սարգսյանը:
Լսելով դեսպան Մանասարյանի զեկույցը և խորհրդակցության մյուս մասնակիցների կողմից իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում հայ-չինական երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ նախագահը հանձնարարել է ջանքերը կենտրոնացնել արտահանման մեծ ներուժ և հեռանկար ունեցող հայկական ապրանքների թե ծավալների, թե տեսականու ընդլայնման վրա չինական շուկայում, աշխատանքներ տանել Հայաստանում փոխշահավետ տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: