Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ի պատասխան քայլեր կձեռնարկեն։ ՈՒկրաինայի խորհրդարանն ընդունել էր մի օրինագիծ, որում նշված է, որ ՆԱՏՕ-ին անդամակցութունն այդ երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։ Մոսկվայում ավանդաբար կասկածանքով ու մտահոգությամբ են վերաբերվում Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը:
«Մենք համարում ենք, որ դա սպառնալիք է մեր անվտանգության ու Եվրասիական տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար։ Իհարկե, Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական շահերի և անվտանգության պաշտպանության համար»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ ՈՒկրաինայում ընթանում է քաղաքացիական պատերազմ, մինչդեռ, ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններից մեկը ներքին հակամարտությունների և վիճելի շրջանների բացակայությունն է։ ՈՒկրաինան արդեն օրենսդրական ակտով է ամրագրել դաշինքին անդամակցելու մտադրությունը: Դեռ փետրվարին ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել երկրում։ 2014-ի դեկտեմբերին ՈՒկրաինայի Ռադան հրաժարվել էր Սահմանադրության այն դրույթից, որով ամրագրվում էր երկրի չեզոք կարգավիճակը։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՈՒկրաինան դեռ երկար ժամանակ չի կարողանա անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ Փորձագետների գնահատմամբ, ՈՒկրաինան առնվազն 20 տարի չի կարողանա անդամակցել դաշինքին։
Հունիսի 5-ին ՆԱՏՕ-ին անդամակցել էր Չեռնոգորիան: Պաշտոնական Մոսկվան այդ կապակցությամբ ևս դժգոհություն էր հայտնել: Դաշինքի ղեկավար Ենս Ստոլտենբերգն այդ առնչությամբ նշել էր՝ Ռուսաստանն իրավունք չունի կասեցնելու ընդլայնման գործընթացը, քանի որ դաշինքին անդամակցում են սուվերեն երկրները՝ իրենց ցանկությամբ: «ՆԱՏՕ-ն չի ընդլայնվում դեպի արևելք, արևելքի երկրներն են գալիս ՆԱՏՕ»,- ասել էր Ստոլտենբերգը։