Սաուդիան Արաբիայում օնլայն արշավ է սկսվել, որը կոչ է անում բոյկոտել թուրքական ապրանքները, քանի դեռ Անկարան պաշտպանում է Կատարին՝ արաբական աշխարհում խորացող դիվանագիտական ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի խորհրդարանը, նախագահի կուսակցության առաջարկությամբ, օրենք էր ընդունել՝ արտոնելով զորքերի տեղակայումը Կատարում:
Ռեջեփ Էրդողանը հայտնի է Կատարի առաջնորդների հետ իր սերտ հարաբերություններով, որոնց հետ համակարծիք է արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերում: Արաբական տասը երկրներ շաբաթվա սկզբից սառեցրել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ, դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը՝ պնդելով, թե գազի և նավթի հարուստ պաշարներ ունեցող երկիրն աջակցում է ահաբեկիչներին և փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: