Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարության կապակցությամբ պարզաբանում է տարածել. «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ համաձայն ՀՀ կառավարության՝ 2015 թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման և ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքված համաձայնագրի՝ հանրապետության տարածք 50 կիլոգրամը գերազանցող պտուղ-բանջարեղենի ներկրումը համարվում է ակնհայտ առևտրային քանակությամբ ներմուծում, որը պետք է իրականացվի համապատասխան մաքսատուրքի և հարկերի վճարմամբ: ՊԵԿ-ի տվյալներով օրվա ընթացքում մի քանի անգամ անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) ներկրում կատարելու և կուտակելու ճանապարհով օրական մոտ 8 տոննա բանջարեղեն է մտնում Հայաստան, որն ակնհայտ առևտրային քանակ է:
Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն երրորդ երկրներից որոշ ապրանքների, այդ թվում՝ բանջարեղենի ներմուծման նկատմամբ միակողմանի սահմանափակումներ է կիրառում՝ ըստ օպերատիվ տեղեկատվության՝ առկա է ռիսկ, որ այդ դրույթը շրջանցելու նպատակով երրորդ երկրներից բանջարեղենը ներկրվում է ՀՀ և ապրանքային խմբաքանակների ձևավորմամբ արտահանվում՝ ձեռքբերված համապատասխան փաստաթղթերով ներկայացվելով որպես հայկական ծագման գյուղմթերք:
Ռուսաստանի մաքսային մարմնի կողմից նման դեպքերի բացահայտման արդյունքում ՀՀ-ից բանջարեղենի արտահանումը համարվում է ռիսկային: Արդյունքում տուժում է տեղական արտադրողը, որ չի կարողանում իսկապես հայկական գյուղմթերքն արտահանել ՌԴ շուկա: Այդ պատճառով ՀՀ մաքսային ծառայությունը օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման նկատմամբ՝ երրորդ երկրների ծագման գյուղմթերքը որպես ՀՀ ծագման գյուղմթերք ՌԴ արտահանելու փորձերը կասեցնելու նպատակով»:
Հիշեցնենք՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Բագրատաշենի անցակետում մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում: «Բագրատաշենից մարդիկ ինձ զանգահարեցին և ասացին, որ փորձում են մի քանի կիլոգրամ բանջարեղեն անցկացնել սահմանը, վաճառել և քանի որ մեր պատկան մարմինները իրենց դրսևորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հիմա այնտեղ բավականին լարված իրավիճակ է հենց այս րոպեներին: Դիմում եմ պատկան մարմիններին՝ մի եղեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ մաքսանենգության դեմ պայքարը այլ տեղերում փնտրեք, փորձեք հիմա կարգավորել քաղաքացու խնդիրը: Քաղաքացին մեղավոր չի, որ անցնում ա սահմանը միրգ-բանջարեղեն ավելի էժան գներով գնելու, հոգալու իր կարիքները»,- հայտարարել էր Զոհրաբյանը։