Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվե կանցկացնի՝ հայտարարել է մարզի կառավարության ղեկավար Կարլաս Պուչդեմոնը՝ ազդարարելով լարվածության նոր փուլ կենտրոնական կառավարության հետ, որը քվեարկությունը համարում է ապօրինի և պնդում, որ չպետք է լինի: «Հարցը հետևյալն է լինելու՝ «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետության ձևաչափով»,- ասել է Պուչդեմոնը:
Անկախություն հռչակելու Կատալոնիայի նախորդ փորձերը ձախողվել են: Տնտեսական ճգնաժամի ֆոնին Իսպանիայից անջատվելու՝ կատալոնացիների նախաձեռնությունները իսպանական պահպանողական կառավարությունը մշտապես արգելափակել է: Համաձայն Սահմանադրության՝ Մադրիդը իրավունք ունի միջամտել Կատալոնիայի մարզային կառավարության գործերին, ստիպելով հրաժարվել քվեարկությունից և ենթարկվել օրենքին:
Անկախության շարժման նկատմամբ աջակցությունը նվազեց, երբ Իսպանիայի տնտեսությունը սկսեց աճ գրանցել: Վերջին հարցումների համաձայն՝ կատալոնացիների 44,3 տոկոսը աջակցում է Իսպանիայից անկախանալուն, մինչդեռ 48,5 տոկոսը ստատուս քվոյի կողմնակից է: