Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Կարապետյան. Մեր նպատակն է ուժեղացնել երկրի մրցունակությունը

Կարեն Կարապետյան. Մեր նպատակն է ուժեղացնել երկրի մրցունակությունը
11.06.2017 | 11:23

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դիլիջանում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը: Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ նման հանդիպումները լավ հարթակ են՝ արդյունավետ համագործակցելու, երկրների առջև ծառացած խնդիրներին թիմային լուծումներ գտնելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ առումով դեռևս չօգտագործված ներուժ կա:

Անդրադառնալով Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանն ասել է. «ՈՒզում եմ փաստել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, խմբում մեր երկարամյա համագործակցությունը տարիներ ի վեր եղել է արդյունավետ և կառուցողական: Վստահորեն կարող եմ փաստել, որ վերջին 25 տարիներին ԱՄՀ-ի աջակցության և կառուցողական համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք մեր երկրներում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների իրագործման շնորհիվ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր, ինչը երկրների զարգացման և ներառական տնտեսական աճի ապահովման կարևորագույն նախապայմանն է:


Համաշխարհային բանկի հետ համագործակցային հարաբերությունները ևս մեծագույն կարևորություն են ներկայացնում մեզ համար: Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն էական նշանակություն են ունեցել տնտեսության, ենթակառուցվածքային, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ կարևոր ուղղություններ ֆինանսավորելու համար՝ ապահովելով ոչ միայն տնտեսական աճ, այլև զարգացում և առաջընթաց: Թեև մեր խմբի մեջ մտնող երկրները տարբերվում են իրենց տնտեսական կառուցվածքներով և զարգացման աստիճաններով, սակայն այսօր համաշխարհային տնտեսությունից ներթափանցող մարտահրավերներն ստեղծում են խնդիրներ, որոնք, անկախ վերը նշվածից, բնորոշ են բոլորին: Հետևաբար, կարևոր է նաև այս քննարկումների արդյունքում համատեղ ջանքերով գտնել այն լուծումները, որոնք կիրառելի կլինեն մեր երկրներում»:
Վարչապետի խոսքով՝ վերջին տարիների տնտեսական զարգացումները պարտադրեցին տնտեսություններին բախվել արտաքին աշխարհից ներթափանցող ցնցումներին, որի հետևանքով երկրների մեծ մասում, ինչպես և Հայաստանում, գրանցվեց պետական պարտքի մակարդակի էական աճ: «Վերջինս թելադրում է, որ այս և հետագա տարիներին իրականացվի հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ նպատակ հետապնդելով պարտքը վերադարձնել կայուն միջավայր և չվտանգել մակրոտնտեսական կայունությունը, ինչը տնտեսվարողների կողմից ներդրումների իրականացման կարևոր նախապայման է: Սակայն հարկաբյուջետային կոնսոլիդացիան իր հերթին ունի գին, և այդ գինը պետական հատվածի հաշվին տնտեսական աճի հետագա խթանման սահմանափակվածությունն է: Հետևաբար, լուծումը միջազգային ֆինանսական կառույցների գործիքների օժանդակությամբ մասնավոր հատվածին ուղղվող ֆինանսավորման ընդլայնումը կառավարության կառուցվածքային բարեփոխումներին զուգակցելն է՝ այն իրականացնելով արագ և ներդաշնակ:

Այստեղ Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության ծրագրերը նույնպես արժեքավոր դեր կարող են ունենալ` մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալները մեծացնելու և պետություն-մասնավոր համագործակցության ծրագրեր նախագծելու և իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով, կցանկանայի բոլորի ուշադրությունը հրավիրել նշված հարցին և կարծում եմ, որ վերջինս կարող է դառնալ օրակարգ՝ հետագա քննարկումների համար»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Կարեն Կարապետյանը կարևորել է ոչ միայն մտքերի, փորձի փոխանակությամբ համընդհանուր մակրոտնտեսական խնդիրների լուծումներ գտնելու, այլև մասնակից երկրների տնտեսական շահերն ու հնարավորությունները հասկանալու և գնահատելու ուղղությամբ աշխատանքը՝ համոզմունք հայտնելով, որ միասնականությունը և խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն առավել ուժեղ և նպատակասլաց կդարձնեն մասնակից երկրներին: «Խմբի հանդիպումները հաջող հարթակ են նաև այս տեսանկյունից: Օրինակ, Հայաստանը, մի կողմից, գտնվում է Եվրոպայի և Ասիայի ճանապարհային խաչմերուկում, մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկիր է, որը գործարարությամբ զբաղվելու ինդեքսով ունի նպաստավոր դիրք ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ: ԵՄ-ի հետ նույնպես ունենք լավ գործընկերային հարաբերություններ և օգտվում ենք «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից: Հետևաբար, մեր երկրի տնտեսա-աշխարհագրական դիրքը և ԵԱՏՄ անդամակցությունը կարող է արդյունավետ օգտագործվել մյուս երկրների առևտրատնտեսական հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու համար»,- ասել է վարչապետը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կատարվող քայլերը: «Հայաստանի ներկա տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումների ներգրավման և արտահանելի ճյուղերի խթանման ճանապարհով տնտեսական աճի ապահովմանը: Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր՝ աստիճանաբար ուժեղացնելով երկրի մրցունակությունը: Իրականացվող բարեփոխումներին զուգահեռ Հայաստանի տնտեսական քաղաքականության ուղղությունները միտված են միջազգային տնտեսական հարաբերությունների խորացմանը՝ համագործակցության տարբեր ձևաչափերով, որտեղ իրենց կարևորագույն կշիռն ունեն Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը»,- եզրափակել է Կարեն Կարապետյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով մասնակից պատվիրակություններին:

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ