Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը, այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ շնորհավորելով Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին և քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ։ ՈՒրախ եմ ինչպես Հանրապետականի իմ կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար: Դուք բոլորդ այդ քվեն վաստակել եք դժվարին պայքարում»,- երդմնակալությունից հետո՝ շնորհավորական խոսքում ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. «Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշեք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար»: