Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները սկսվելու են հունիսի 19-ին՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցով նախարար Դեյվիդ Դևիսը: ԵՄ ղեկավարները հույս ունեն, որ Մեծ Բրիտանիայում ծավալված հետընտրական զարգացումները և նոր կառավարության ձևավորումը չեն ազդի բանակցությունների ժամանակացույցի վրա:
«Մեր կողմից բոլոր պատրաստություններն արվել են: Եվրամիության նպատակն է այնպիսի երկխոսություն ծավալել Լոնդոնի հետ, որը կհանգեցնի հստակ արդյունքների: Բանակցությունների մեկնարկը, ըստ հաստատված ժամանակացույցի, բխում է նաև Մեծ Բրիտանիայի շահերից»,- ասել է ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: