Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի 5- կիլոմետրանոց հատվածի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են՝ հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ հավելելով. «Ընդամենը մեկ ամսում գրեթե անանցանելի ճանապարհը հիմնովին նորոգված է»։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ում հսկողությամբ էին կատարվում աշխատանքները, այցելել է այս ճանապարհահատված՝ աշխատանքների արդյունքին տեղում ծանոթանալու նպատակով։
«Աշխատանքը շատ բարձր որակով է կատարվել։ Մեկ ամիս առաջ այս ճանապարհը շատ վատ վիճակում էր, լրատվամիջոցները և համացանցային տիրույթը հեղեղված էին ճանապարհի լուսանկարներով։ Այսօր տեսանելի է կատարված աշխատանքը։ Մնացած գնահատականը կարող է ժողովուրդը տալ»,- գնահատել է Վահան Մարտիրոսյանը։
«Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2,5 տոկոսից ավելի չպետք է լիներ։ Այդ պատճառով որոշում կայացվեց ճանապարհի 4,8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել»,- ասված է հաղորդագրությունում:
Ընտրվել է հիմնանորոգման ռեսակլերով եղանակը։ Ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո սառը մշակման եղանակով ամրացվել է հիմքը, հետո տեղադրվել է 5 սմ հաստությամբ ներքին խոշորահատիկ ասֆալտի շերտը, 4 սմ հաստությամբ վերին մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկը։
Ներկայումս վերանորոգվում են արգելափակոցները, լցվում և խտացվում են կողնակները, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն ճանապարհային նշանները և կկատարվեն նշագծումները: