Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքական ընդդիմության պնդմամբ՝ իշխանությունն իմացել է հեղաշրջման մասին և չի կանխել

Թուրքական ընդդիմության պնդմամբ՝ իշխանությունն իմացել է հեղաշրջման մասին և չի կանխել
14.06.2017 | 09:12

Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը պնդում է, որ անցյալ տարվա հեղաշրջման փորձը վերահսկվել է իշխանության կողմից: Իշխանություններն իմացել են հեղաշրջման փորձի մասին և չեն կանխել, փոխարենը՝ ստեղծված իրավիճակից օգուտներ են քաղել՝ իրենց նպատակներին հասնելու համար: Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորների կազմած 307- էջանոց զեկույցով ընդդիմադիրներն արձագանքել են խորհրդարանական հանձնաժողովի նախնական զեկույցին, որը կազմվել է 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ուսումնասիրման, կազմակերպիչների բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունքում:


«2016-ի հուլիսի 15-ի դավաճանական հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած փաստերը ցույց են տալիս, որ դրա մասին վաղուց հայտնի էր: Իշխանությունները դա ակնկալել են և դիտարկել որպես հնարավորություն՝ իրենց վերջնական նպատակին հասնելու համար»,- նշված է թուրք ընդդիմադիրների զեկույցում: Հղում անելով դեռ 2016-ի մարտին ու ապրիլին Turkiye թերթի սյունակագիր Ֆուաթ ՈՒղուրի երկու հոդվածներին, որոնցում նա գրել էր, թե զինված ուժերում որոշ ակտիվության կա, ինչը հնարավոր հեղաշրջման մասին կարող է վկայել, ժողովրդահանրապետական պատգամավորները պնդում են՝ հեղաշրջման փորձից ամիսներ առաջ նման հրապարակումները հետախուզական ծառայությանն ուղղված հստակ տեղեկություններ էին, և «անհավատալի է, թե ծառայությունը տեղեկացված չլիներ այն մասին, ինչը գիտեր Ֆուաթ ՈՒղուրը»: Ընդդիմադիրների պնդմամբ, դատախազության նյութերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեղաշրջման փորձի նախապատրաստումը սկսվել է 2015-ի վերջերին, և ներգրավված մարդկանց անունները հայտի են եղել հետախուզական ծառայությանը:

Հեղաշրջման փորձը չի կանխվել, չնայած նախօրեին՝ հուլիսի 14-ին 6-ժամյա հանդիպում են ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Հուլուսի Աքարը: Զեկույցում հղում կա նաև ուղղաթիռի օդաչուի ցուցմունքին, ում անունը գործի նյութերում նշված է որպես մայոր O.K.: Նա ցուցմունք է տվել, որ իր անմիջական հրամանատարների հանձնարարություններից հետո՝ հուլիսի 15-ի ցերեկը գնացել է Ազգային հետախուզական ծառայության կենտրոնակայան և հաղորդում տվել հնարավոր հեղաշրջման մասին: Թուրքական ընդդիմության պնդմամբ, սա հստակ ապացույց է, որ իշխանություններն անտեսել են հեղաշրջման մասին տեղեկությունը:
Զեկույցն արձանագրում է՝ 2016-ի հուլիսի 15-ը պատմության մեջ է մնալու որպես «չկանխված հեղաշրջման փորձ»: Փաստաթուղթը մեղադրում է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որը «կամայականորեն օգտվել է արտակարգ դրության իրավիճակից՝ կենտրոնացնելու իշխանությունը նախագահական կառավարման համակարգի հաստատմանը հասնելու նպատակով»: «Արտակարգ դրությունը գործիք էր պետական վարչակազմի ձեռքում մեկ մարդու՝ Էրդողանի ռեժիմը կենդանի պահելու, այլ ոչ թե գյուլենական ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար»,- նշված է ժողովրդահանրապետական պատգամավորների կազմած զեկույցում:


Արձագանքելով ընդդիմադիրների զեկույցին, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշն ասել է, թե հիմնական ընդդիմադիր կուսակցության մեկնաբանություններն «աջակցություն են հեղաշրջման փորձի դավադիրներին»: Հունիսի 12-ին, կառավարության նիստից հետո, ըստ Hurriyet Daily News-ի, փոխվարչապետն ասել է. ««Վերահսկելի հեղաշրջման փորձ» ձևակերպումն ամենամեծ աջակցությունն է խռովարարներին: Մենք հույս ունենք, որ եթե դատական գործընթացների ավարտից հետո պարզվի, որ այնտեղ քաղաքական հետք կա, դա կբացահայտվի հանրության համար»:

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ