ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն այցելեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Երկու նախագահները հանդիպումից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ։
«Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը լի են վճռականությամբ հետագայում ևս շարունակել ամրապնդել և բազմապատկել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը։ Նրանք հարաբերությունները կկառուցեն ռազմավարական գործընկերության հիման վրա, փոխվստահության ոգով՝ առաջնորդվելով ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներով»,- նշված է հայտարարության մեջ։
Նախագահները պատրաստակամություն հայտնեցին խորացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, առևտրային, տրանսպորտային, ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում, ինչպես նաև գիտության, մշակույթի, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում, հաստատեցին, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև արտաքին քաղաքական փոխգործակցության խորացումը երկու երկրների արմատական շահերին առնչվող հարցերում փոխադարձ աջակցության հիման վրա ամբողջապես բխում է երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման շահերից և հանդիսանում է հայ-տաջիկական միջպետական փոխգործակցության առանցքային տարր։
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի շահ խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբով։
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը իրենց հավատարմությունն են հաստատում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Կողմերը ճանաչում են ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման հարցում տարածաշրջանային կառույցների գնալով աճող դերի պայմաններում:
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում անվտանգության, կայունության ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը միտված համատեղ համաձայնեցված գործողություններ իրականացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավորինս արագ և բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա: Նախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, որն արտահայտվել է 2016 թ. հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հայտարարությունում: Կողմերը ողջունում են միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ստացած միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կառուցողական ջանքերը:
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են ՀԱՊԿ-ի նշանակությունը՝ անդամ պետությունների անվտանգության ապահովման գործում, և ակտիվորեն կհամագործակցեն նշյալ կազմակերպության շրջանակներում նախատեսված փոխադարձ պարտավորությունների իրականացման ուղղությամբ: Կողմերը ջանքեր կգործադրեն ԱՊՀ-ն ժամանակակից իրողություններին հարմարեցնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են իրենց պատրաստակամությունը հետագայում ևս փոխգործակցել գլոբալ մարտահրավերների և վտանգների՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անդրսահմանային կազմակերպված հանցավորության այլ ձևերին հակազդման ոլորտում՝ հիմնվելով միջազգային համաձայնագրերի վրա, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:
Կողմերն ընդգծում են Հայաստան-Տաջիկստան միջխորհրդարանական բարեկամական խմբի, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ընդլայնման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և ողջունում են նշյալ հանձնաժողովի համանախագահության մակարդակի բարձրացումը:
Կողմերն առանցքային նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը և այդ նպատակով պատրաստ են նպաստել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրագործմանը։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական, թեթև և վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Կողմերը կնպաստեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության մեխանիզմների կատարելագործմանը և անմիջական կապերի խթանմանը:
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Երևանի և Դուշանբեի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հաստատման օգտին, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնում մշակելու համատեղ ծրագրեր տրանսպորտի ոլորտում:
Կողմերն ամեն կերպ կաջակցեն մշակույթի և արվեստի ոլորտում կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, առողջապահական հաստատությունների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների և մշակութային-հումանիտար ոլորտի այլ հաստատությունների միջև անմիջական կապերի ընդլայնմանը: Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության նախագահները համոզված են, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները ներկա փուլում մեծ հեռանկարներ ունեն համագործակցության բոլոր ոլորտների ինտենսիվ զարգացման և խորացման համար՝ երկու ժողովուրդների արմատական շահերին համահունչ:
Պետությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունների առնչությամբ, որոնց արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։
Հանդիպման ավարտին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաջիկստանի Հանրապետություն: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով: