«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 ծրագրի մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է մասնավորեցնել մի շարք բուժհաստատություններ, որ հանրության շրջանում բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել: Հանրային խորհրդում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել նաև այս հարցին և պայմանավորվածություն էր ձեռք բերվել լրացուցիչ քննարկել բուժհաստատությունների մասնավորեցման խնդիրը: Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ստեղծվել էր աշխատանքային խումբ` ուսումնասիրելու բարձրացված հարցերը:
Հանրային խորհրդում հրավիրվել է նիստ, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը: Նիստը ղեկավարել են ՀԽ անդամ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը և ՀԽ անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Նիստին մասնակցել են ՀԽ անդամներ՝ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, Կառլոս Ղազարյանը, Անահիտ Աղոյանը, առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի հիվանդանոցային համակարգի արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, բուժհաստատությունների ղեկավարներ, Երևանի պետական տնտեսագիտական համալասարանի և Երևանի պետական համալսարաի դասախոսներ, ոլորտի մասնագետներ:
Առողջապահության փոխնախարարը ներկայացրել է մասնավորեցման հիմնավորումները՝ նշելով, որ բուժհիմնարկներն աշխատում են խիստ ցածր շահութաբերությամբ, անհրաժեշտ է վերազինել և ներդրումներ իրականացնել, մասնավորեցման գործընթացը միանգամից տեղի չի ունենալու, լինելու են քննարկումներ, հաշվի են առնվելու առաջարկներն ու դիտողությունները:
ՀՀ ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը վրդովմունք է հայտնել, որ մասնավորեցման մասին տեղեկացել է մամուլից, իրենց հետ որևէ նախնական քննարկում չի եղել: Դավիդյանը հավելել է, որ իրենց կենտրոնը լավ վիճակում է, հագեցած լավագույն բուժտեխնիկայով: Նա անընդունելի է համարել խնդիրը շահութաբերության տեսանկյունից քննարկելը՝ նշելով, որ պետք է հաշվի առնել կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը, պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը, նյութատեխնիկական բազան, հասարակությանը մատուցած ծառայությունը և այլն:
Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը նույնպես ներկայացրել է իրենց կենտրոնի արդյունավետ գործունեությունը և շեշտել, որ իրենց հետ մասնավորեցման վերաբերյալ նախնական քննարկում չի եղել: Հիմնավորված չհամարելով մասնավորեցումը՝ կենտրոնի ղեկավարը նշել է, որ եթե դա այլընտրանք չունի, գոնե հնարավորություն տան, որ իրենք ձեռք բերեն բուժհաստատությունները, որոնց գործունեության համար տարիներ ի վեր ներդրել են ֆինանսական ռեսուրսներ ու ջանքեր:
Հայրապետ Գալստյանը, անդրադառնալով ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի մասնավորեցմանը, նշել է, որ ուռուցքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում ստացած 11 000 հիվանդներից 6200-ը բուժում են ստանում պետական պատվերի շրջանակներում՝ որպես սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձիք: Նա մտահոգություն է հայտնել, որ մասնավորեցման հետևանքով պետպատվերից օգտվող քաղաքացիների թիվը զգալի կարող է նվազել:
ՀԽ անդամ Էդուարդ Ղազարյանն անդրադարձել է Իզոտոպների արտադրության կենտրոնի մասնավորեցմանը՝ նշելով, որ նման հաստատությունը պետք է լինի միայն պետական և հայտարարվի՝ իբրև հատուկ պաշտպանական օբյեկտ: Ղազարյանը կարևորել է, որ մասնավորեցման հիմքում պետք է դրվի լուրջ պատճառ, որ հասարակության կողմից ընդունելի լինի, հակառակ դեպքում կդիտվի բյուջեն լցնելու միջոց:
ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը, կարևորելով խնդիրը, առաջարկել է բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ հանգամանորեն քննարկել ու նրանց տեսակետն ու դիրքորոշումը հաշվի առնելուց հետո միայն որոշումներ կայացնել: Աղոյանի խոսքով՝ բարեփոխումների կենտրոնում պետք է լինի մարդը, ոչ թե շահույթը:
ՀՀ ԱՆ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի անձնակազմն իր հերթին ներկայացրել է իրենց բուժհաստատության կարևորությունը հատկապես հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից, թվարկել բոլոր կարևոր գործառույթները, որ իրականացնում է բուժհաստատությունը, և խիստ մտահոգություն հայտնել մասնավորեցման հեռանկարի վերաբերյալ: Քննարկվել է նաև պոլիկլինիկայի սպորտային բժշկության բաժանմունքի դերն ու նշանակությունը և դրա գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Նշվել է, որ այս ուսանողական պոլիկլինիկայի մասնավորեցման հետ կապված կան բազմաթիվ չքննարկված հարցեր, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն:
Սմբատ Լպուտյանն անդրադարձել է բժշկության մեջ սպորտի դերակատարմանը՝ ցավով արձանագրելով, որ ֆիզիկական կուլտուրան մեր հասարակության մեջ դարձել է մնացորդային ոլորտ: Նա ֆիզիկական կուլտուրայի դերի բարձրացումը համարել է անհրաժեշտ ու հրատապ:
Ամփոփելով քննարկումը՝ Գալստյանն ու Լպուտյանը շնորհակալություն են հայտնել ներկաներին շահագրգիռ քննարկման համար՝ առաջարկելով ուսումնասիրել բարձրացված հարցերն ու առաջարկները և կազմակերպել ևս մեկ հանդիպում, որ առաջարկվող լուծումները բոլոր կողմերի համար լինեն ընդունելի: Փոխնախարարը նշել է, որ այս թեմայի շուրջ քննարկումները շարունակական են լինելու: