«Սահմանադրության համաձայն, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը գալիք տարի հրաժարական է ներկայացնելու, իսկ ինչպիսի կառավարություն կլինի մյուս տարի` կխոսենք 2018-ին»՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ իշխող նիստում քննարկվել է առաջիկայում խորհրդարանին ներկայացվելիք կառավարության ծրագիրը, որը հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի վրա, և ՀՀԿ-ն կառավարությանն առաջարկել է ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, առաջիկա 5 տարիներին 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, գործազրկությունը նվազեցնել մինչև 12 տոկոսի, լուրջ ուշադրություն դարձնել հակակոռուպցիոն բարեփոխումներին, բարելավել Հայաստանի դիրքը Doing Business-ում՝ հասցնելով այն 25-րդ հորիզոնականին:
Եթե կառավարությունը չապահովի տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, հրաժարակա՞ն է ներկայացնելու հարցին Շարմազանովը պատասխանեց. «Ես «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում: Ընդամենը ես ձեզ ասել եմ, որ մենք լավատես ենք, մենք կարծում ենք, որ մեկ միասնական ուժերով պետք է հասնել նրան, որպեսզի այսօրվա կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը՝ սա, կրկնում եմ, Հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության քաղաքական պատասխանատվությունը կրող կառավարություն է, հինգ տարի անց ունենա այն դրական չափանիշները, որը դրվել է։ Մեկ տարի անց, բնականաբար, ըստ Սահմանադրության, այս կառավարությունը հրաժարական պետք է տա, ինչպիսի կառավարություն կլինի՝ դա արդեն կխոսենք 2018 թվականին»։