ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել ամերիկացիների համար Կուբա ճամփորդության կարգը և սահմանափակել համագործակցությունը կուբայական ընկերությունների հետ, որոնք վերահսկում են զինվորականները: Reuters-ը հաղորդում է, որ նախագահը այդ մասին պաշտոնապես կհայտարարի Մայամիում:
«Ես ամբողջովին չեղարկում եմ միակողմանի գործարքը Կուբայի հետ, որը կնքվել է նախորդ վարչակազմի կողմից»,- հայտարարել էր Թրամփը Մայամիում` ընդգծելով, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Ընտրվելուց հետո Թրամփը խոստացել էր խզել հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը, եթե Հավանան հրաժարվի Վաշինգտոնի համար բարելավել պայմանագրի պայմանները: ԱՄՆ քաղաքացիները կարող են ճամփորդել դեպի Կուբա, սակայն այժմ նրանք պետք է օգտվեն զբոսաշրջային ընկերությունների ծառայությունից: Նոր սահմանափակումները արգելում են ուղղակի վճարումներ կուբացի զինվորականներին: Սա կարող է բացասաբար անդրադառնալ տեղական զբոսաշրջության վրա, քանի որ կղզու հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների մեծ մասը պատկանում է Կուբայի բանակին: Սպիտակ տանն ընդգծել են, որ ԱՄՆ-ն պահպանում է Կուբայի նկատմամբ սահմանված էմբարգոն և դեմ է հանդես գալիս այն չեղարկելու ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։
ԱՄՆ-ի և Կուբայի ղեկավարները 1961-ին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնության մասին հայտարարեցին 2014-ի դեկտեմբերին, հաջորդ տարվա հուլիսին Վաշինգտոնում և Հավանայում վերաբացվեցին երկու երկրների դեսպանատները: 2016-ի մարտին Բարաք Օբաման պատմական այց կատարեց Կուբա:
Կուբայի իշխանություններն ուրբաթ երեկոյան հայտարարել են, որ Վաշինգտոնի նոր քաղաքականությունն Ազատության կղզու հանդեպ արդյունքի չի հասնի։
«Շրջափակման ուժեղացմանն ուղղված նոր միջոցառումները, որոնք դատապարտված են անհաջողության, չեն հասնի իրենց նպատակին և չեն կոտրի կուբացի ժողովրդին»,- ասված է Կուբայի կառավարության կոմյունիկեում։
Հավանան Թրամփի հայտարարությունը «քայլ հետ» է անվանել հարաբերությունների զարգացման գործում։
Մեքսիկայի, Վենեսուելայի արտգործնախարարներն ու Բոլիվիայի նախագահը խստորեն քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Օբամայի վարչակազմի որոշման չեղարկումը: