Ահաբեկչության կասկածանքով՝ 2016-ին Եվրամիության տարածքում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել՝ ասվում է Եվրոպական ոստիկանական գործակալության՝ Եվրոպոլի ամենամյա զեկույցում։ 2016-ին ձերբակալվածների մեծ մասը՝ 718 մարդ, ջիհադիստ է, նրանց մեկ երրորդը 25 տարեկանից փոքր է։
Եվրոպոլի տվյալներով՝ ջիհադիստական հարձակումները Եվրոպայում 2015-ին 17-ից նվազել են մինչև 13-ի՝ 2016-ին։ Անցած տարի հարձակումներից 6-ի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ ԵՄ-ում անցյալ տարի արձանագրվել է 142 իրականացված, չհաջողված և կանխված հարձակում, մեծ մասը բաժին է հասնում Մեծ Բրիտանիային։ 2016-ին ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկրները, ըստ զեկույցի, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Հունաստանն են։