Ռուսաստանը Հայաստանում ամենամեծ ներդրողն է՝ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ։ Նա նշել է, որ ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում:
«Ես համարում եմ, որ այսօրվա տնտեսական հարաբերությունները թեև արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ, այստեղ ունենք բավականաչափ ներուժ, և դրա օգտագործումն է, որ պետք է զարգացնի նաև մեր տնտեսությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. «Երկկողմ հարաբերություններում էական դեր ունեն ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները՝ հայկական համայնքը, ովքեր ոչ միայն զարգացնում են Ռուսաստանի տնտեսությունը, այլ նաև ներդրումներ են կատարում Հայաստանում, մասնակցում են մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ վերջին ժամանակահատվածում համագործակցության մի շատ մեծ ոլորտ է ի հայտ եկել, և մենք ուղղակի պարտավոր ենք ջանքեր գործադրել այդ ոլորտի զարգացման համար. դա զբոսաշրջության ոլորտն է»: Վերջին հինգ ամիսներին, ըստ նախագահի, Հայաստան այցելած ՌԴ քաղաքացիների թիվը 25 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Ես վստահ եմ, որ տարեկան արդյունքը շատ ավելի բարձր է լինելու: Սա շուկա է, որը մենք, անպայման, պետք է օգտագործենք՝ նաև հաշվի առնելով, որ զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսություն է, ոչ միայն բիզնես է, այլև երկու ժողովուրդների հարաբերություններն ամրապնդելու շատ լուրջ գործոն: Մեր տնտեսական օրակարգը բավականաչափ հագեցած է՝ մենք մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացնում, և սրանով բավարարվելն ուղղակի մեր կողմից կլինի անպատեհություն, մեծ սխալ: Եվ հենց այս առիթով ուզում եմ տեսնել, պարոն դեսպան, թե ապագայի համար մենք ի՞նչ ծրագրեր ենք նախանշում, և կա՞ն խոչընդոտներ, որ պետք է վերացնենք: Այդ խոչընդոտները կարող են լինել տարաբնույթ՝ իրավապայմանագրային դաշտից սկսած մինչև երկու կողմից չինովնիկների անպատասխանատու վերաբերմունք»,- ասել է նախագահը:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը զեկուցել է, որ 2016-ին և 2017-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակել է զարգանալ՝ համալրվելով առավել նպատակային ծրագրերով և ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված առաջնահերթություններով: Դրական առաջընթաց է գրանցվել երկկողմ առևտրաշրջանառության և հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ, իսկ զբոսաշրջային համագործակցության ոլորտում նոր հեռանկարներ են բացվել՝ պայմանավորված ՌԴքաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու որոշմամբ: «Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում, այդուհանդերձ, կան որոշ հարցեր, մասնավորապես՝ առևտրաշրջանառության տիրույթում, որ ենթակա են երկու երկրների միջև գործող տնտեսական համագործակցության միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների քննարկմանն ու վերանայմանը»,- ընդգծել է Տողանյանը՝ նշելով հատկապես Հայաստանից Ռուսաստան ապրանքների և ծառայությունների արտահանման հարցում դեռևս պահպանվող ֆինանսական և մաքսային որոշ սահմանափակումները, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային միգրացիայի խնդիրները, Ռուսաստանի տարածաշրջաններում Հայաստանի ապրանքատեսականու ներկայացվածության ոչ բավարար մակարդակը և մի շարք այլ հարցեր, որոնք համակարգման և լուծման կարիք ունեն: Դեսպանը առաջարկներ է ներկայացրել ուղղված հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: