Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում սահմանային իրավիճակի վերջին լարվածությամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Կյանքի կորուստը, իհարկե, սարսափելի է: Սրանք երիտասարդներ են, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր, թույլ տվեք իմ կարեկցանքը հայտնեմ նրանց ծնողներին ու ընտանիքներին: Այս մշտական դեպքերը, հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգիչ են: Որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել»,- ասաց Պյոտոր Սվիտալսկին: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, ԵՄ դեսպանը նշեց` ԵՄ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում համանախագահներին: «Համանախագահները շատ լավ գործ են անում` բավականին դժվար միջավայրում: Այստեղ բազմաթիվ են մարտահրավերները: Մենք, որպես Եվրամիություն, մեր լիակատար աջակցությունն ենք արտահայտում Մինսկի խմբի համանախագահությանը: Մի քանի օրվա ընթացքում` հուլիսի սկզբին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը` դեսպան Հերբերտ Զալբերը, կգա Հայաստան: Նրա այցը Եվրամիության կողմից ապացույց է, որ մենք մեծապես կարևորում ենք այն` ինչ տեղի է ունենում: Մենք մտահոգ ենք այս իրավիճակի կապակցությամբ և կարծում ենք` ճիշտ է, մեր հիմնական դերակատարությունը Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցությունն է, բայց մենք պատրաստ ենք լրացուցիչ աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին: Եկեք փորձենք աշխատել խաղաղության համար»,- ամփոփեց Պյոտր Սվիտալսկին: