Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պյոտր Պորոշենկո. Մենք ԱՄՆ-ից շատ հստակ աջակցություն ստացանք

Պյոտր Պորոշենկո. Մենք ԱՄՆ-ից շատ հստակ աջակցություն ստացանք
22.06.2017 | 00:21

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի համոզմամբ՝ Վաշինգտոն իր աշխատանքային այցի գլխավոր արդյունքը Սպիտակ տանը ստացած հավաստիացումն էր, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն մեղմացվի, քանի դեռ չի փոխվել Ղրիմի և Արևելյան ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: ՈՒկրաինայի նախագահը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպումներից հետո` Սպիտակ տան դիմաց հրավիրված ասուլիսում ասաց, որ Վաշինգտոնում խոսում են բացառապես Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացման մասին:


«Այսօր ԱՄՆ-ը գրեթե ամեն օր հավելյալ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի հանդեպ: Նման մոտեցման պայմաններում կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ՈՒկրաինայի վստահելի և հաստատակամ ռազմավարական գործընկերն է»,- ասաց ՈՒկրաինայի նախագահը: Նրա հայտարարությունից մի քանի ժամ անց Վաշինգտոնի տեսակետը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում վերահաստատեց Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը: «Կարծում եմ՝ մենք շատ հստակ ասել ենք, որ պատժամիջոցների առկայության պատճառներից մեկը հենց դա է. քանի դեռ նրանք դուրս չեն եկել Արևելյան ՈՒկրաինայից, մենք շարունակելու ենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Եվ մենք վստահ ենք, որ քանի դեռ այդ իրավիճակը չի փոխվել, պատժամիջոցները պահպանվելու են: Այս հարցն այսօր քննարկվել է նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում, և կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք հետամուտ լինել խնդրի լուծմանը»,- ասաց Սպիտակ տան խոսնակը:


Սպիտակ տուն այցելության ընթացքում Պորոշենկոյի հիմնական զրուցակիցը ոչ թե Դոնալդ Թրամփն էր, այլ Մայք Փենսը: Միայն Փենսի հետ բանակցությունների ավարտից հետո էր, որ Պորոշենկոն այցելեց նաև Օվալաձև սրահ, որտեղ էլ կայացավ նրա հանդիպումը Թրամփի հետ: ԱՄՆ հանրային ռադիոյի՝ NPR-ի բնութագրմամբ` «Սպիտակ տանը որոշեցին կարմիր գորգ չփռել Պորոշենկոյի ոտքերի տակ: Սպիտակ տունը Պորոշենկոյի հետ հանդիպումն անվանեց «կարճատև զրույց»: Բայց նույնիսկ կարճատև այդ հանդիպման ընթացքում Պորոշենկոն չէր թաքցնում իր ոգևորությունը: «Սա մեծ պատիվ է, շատ հաճելի է այսօր գտնվել Ձեր կողքին, ՈՒկրաինայի ամենավստահելի ռազմավարական գործընկեր ԱՄՆ հարգելի նախագահ: Մենք փորձում ենք ազատություն և ժողովրդավարություն պարգևել Եվրոպայի ամենամեծ պետությանը՝ 45 միլիոն բնակչություն ունեցող ՈՒկրաինային: Ես վստահ եմ, որ ՈՒկրաինան հաջողության կհասնի, և այդ հաջողության ճանապարհին մեր աջակիցներից մեկը ԱՄՆ է լինելու»,- հայտարարում էր Պորոշենկոն՝ դիմելով Թրամփին:
Միացյալ Նահանգների նախագահը ևս այս կարճատև հանդիպման ընթացքում ընդգծում էր կարևորությունը, որ Վաշինգտոնում տալիս են ՈՒկրաինային և այնտեղ ծավալվող զարգացումներին: «ՈՒկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպումը մեծ պատիվ է: Մենք շատ լավ քննարկում ունեցանք, օրվա ընթացքում բանակցությունները կշարունակվեն, կարող եմ ասել, որ արդեն իսկ լուրջ առաջընթաց է արձանագրվել»,- հայտարարում էր Թրամփը:


Ամփոփելով Սպիտակ տանը կայացած բանակցությունները՝ Պյոտր Պորոշենկոն նշեց, որ ուկրաինական պատվիրակությունը կարողացավ հասնել իր հիմնական նպատակներին: «Մենք ԱՄՆ-ից շատ հստակ աջակցություն ստացանք: ԱՄՆ-ը աջակցություն է հայտնում մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը: Բացի այդ, ամերիկյան կողմը հաստատակամորեն աջակցում է մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասաց ՈՒկրաինայի նախագահը:


Պյոտր Պորոշենկոն եղել է և Պենտագոնում: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը մեկ անգամ ևս հայտարարեց, որ Վաշինգտոնը սատարում է ՈՒկրաինային Ռուսաստանի դեմ մղվող պայքարում: «Նույնիսկ ագրեսիայի վտանգին, կիբերհարձակումներին և հարևանների կողմից իրականացվող նմանատիպ այլ քայլերին առերեսվելով` Ձեր երկիրը ինքնապաշտպանության հարցում շատ հաստատակամ էր: ԱՄՆ-ը ձեզ հետ է: Ինքնիշխանության, միջազգային իրավունքի առջև ծառացած վտանգների պայմաններում մենք աջակցում ենք ձեզ»,- հայտարարում էր ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ