Բունդեսթագը երեկ հավանություն է տվել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից զինվորականներին դուրս բերելու որոշմանը: Առաջարկին կողմ են քվեարկել 569 պատգամավորներից 461-ը: Գերմանացի զինվորականների դուրսբերման պատճառը Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների ավիաբազա այցելելու Անկարայի արգելքն է: Անկարայի և Բեռլինի լարվածության պատճառներից են Թուրքիայից ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո փախուստի դիմած մի խումբ բարձրաստիճան զինվորականների՝ Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալը, մինչ այդ էլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի ընդունած բանաձևը:
2015-ից Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայել է վեց «Տորնադո» հետախուզական ինքնաթիռներ, մեկ լիցքավորող օդանավ և 260-հոգանոց անձնակազմ: Գերմանական զորախումբն ընդգրկված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում՝ ապահովելով ավիահետախուզությունը և կատարելով նյութատեխնիկական մատակարարումներ: