Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երևանը և Նյու Դելին շարունակում են բանակցել ռազմատեխնիկական համագործակցության շուրջ

Երևանը և Նյու Դելին շարունակում են բանակցել ռազմատեխնիկական համագործակցության շուրջ
23.06.2017 | 14:07

Հայաստանն ու Հնդկաստանը շարունակում են բանակցությունները ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ՝ «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը: Նա նշեց, որ հստակ պայմանավորվածությունների ու ժամկետների մասին խոսել չի կարող, բայց համագործակցությունը կա:

«Այժմ կողմերը քննարկում են համագործակցությունն այս ոլորտում: Ես չունեմ որևէ հստակ ժամանակացույց, բայց դա տեղի կունենա ժամանակին՝ երկու կողմերի բանակցությունների հիման վրա»,- ասաց Սանգվանը:
Ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորության մասին «Ազատությանը» երկու ամիս առաջ ասել էր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահը, ընդգծելով՝ «երկու երկրների ղեկավարները քննարկում են այդ հարցը՝ հիմք ընդունելով համատեղ պահանջները»:
Համաշխարհային բանկի տվյալներով աշխարհի յոթերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Հնդկաստանի դեսպանը վերահաստատեց՝ իր երկիրը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում: Հնդկաստանը նաև միջուկային զենք ունեցող փոքրաթիվ երկրներից մեկն է:


«Հնդկաստանը պատրաստակամ է՝ համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, մենք ունենք գերազանց երկկողմ հարաբերություններ: Նույնիսկ պաշտպանական ոլորտում մենք բաց ենք Հայաստանի հետ համագործակցելու համար: Այդ հարցն արդեն քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև, և մենք առաջ կշարժվենք՝ անելով հնարավոր ամեն ինչ»,- ասաց Յոգեշվար Սանգվանը: Ադրբեջանին զենքի մեծածավալ մատակարարումներ է իրականացնում Հնդկաստանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Պակիստանը: Հայաստանում Հնդկաստանի դեսպանը վստահեցրեց՝ Պակիստանի գործոնը հայ-հնդկական հարաբերություններում դերակատարում չունի: «Հնդկաստանն իր հարաբերությունները որևէ երկրի հետ չի կառուցում՝ հիմնվելով երրորդ գործոնի վրա: Հետևաբար, մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված չեն որևէ կողմնակի ազդեցությունից: Մենք թույլ չենք տալիս, որ երրորդ կողմերն ազդեն մեր հարաբերությունների վրա: Մենք շատ ուժեղ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այն շատ բարեկամական երկիր է մեզ համար: Մենք համագործակցել ենք միջազգային ասպարեզում և շարունակելու ենք»,- վստահեցրեց դեսպան Յոգեշվար Սանգվանը:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ