ՌԴ դատախազությունը հրաժարվում է ստուգել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հնարավոր կոռուպցիոն գործունեությունը, որ պնդում է Ալեքսեյ Նավալնու հակակոռուպցիոն հիմնադրամի նկարահանած «Նա ձեզ համար Դիմոն չէ» հետաքննական ֆիլմը:
Կոռուպցիոն փաստերն ուսումնասիրելու առաջարկով Պետդումայի պատգամավոր, կոմկուսի խմբակցության անդամ Վալերի Ռաշկինը դիմել էր գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին ու Դաշնային անվտանգության ծառայությանը: Դատախազությունից պատգամավորին պատասխանել են, որ դա իրենց լիազորությունների սահմաններում չէ: Քննչական կոմիտեն պատգամավորի դիմումը վերահասցեագրել էր գլխավոր դատախազությանը, որն էլ անցած մայիսին հետ էր ուղարկել Քննչական կոմիտե: Դաշնային անվտանգության ծառայությունը պատգամավորին պատասխանել է «ծառայողական օգտագործման համար» մականշմամբ, ինչն արգելում է հրապարակել փաստաթուղթը:
Պատգամավորն ասել է, որ Դմիտրի Մեդվեդևին վերագրվող անշարժ գույքի առկայությունը ստուգելու իր հարցումներին «զրոյից ցածր» պատասխաններ է ստացել: Մեդվեդևն ավելի վաղ հակակոռուպցիոն հիմնադրամի ուսումնասիրությունը «հիմարություն և ինչ-որ թղթեր» էր որակել: