Փարիզի Կրետեյ արվարձանում երեկ մի տղամարդ փորձել է ավտոմեքենան վարել մզկիթի մոտ գտնվող մարդկանց բազմության վրա, արգելափակոցները խանգարել են, տուժածներ չկան: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից և քիչ անց ձերբակալվել է իր տանը՝ «առանց միջադեպերի», հաղորդում է France-Presse-ը:
Տանը խուզարկություն է իրականացվել, ինչպես քննությանը մոտ աղբյուրն է France-Presse-ին փոխանցել, կասկածյալը՝ հայկական ծագում ունեցող 43-ամյա տղամարդը, որի ինքնությունը չի հրապարակվում, խոսել է Ֆրանսիայում ջիհադիստների հարձակումների մասին, որոնց հետևանքով 2015- ից ի վեր 239 մարդ է զոհվել: Le Parisien պարբերականը հաղորդում է` տղամարդը հայտարարել է, թե ցանկանում էր վրեժ լուծել Ֆրանսիայում իսլամիստների հարձակումների համար: Իրավապահների փոխանցմամբ՝ կասկածյալը սթափ է եղել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտարարել է, որ քննությունը կպարզի տեղի ունեցածի «ճշգրիտ շարժառիթները»: