Վրաստանի հետ մեր հարաբերությունները նորովի պետք է կարևորել, խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հետաքրքրվելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղութամբ: «Բովանդակային իմաստ հայ-վրացական հարաբերությունները հիմա են ստացել: Այսօր իրավիճակ է փոխվում, և մենք նորովի պետք է կառուցենք հարաբերությունները՝ հիմքում երկու կարևոր հանգամանք ունենալով՝ Վրաստանի հայության իրավունքների պաշտպանությունն ու հայ-վրացական տարածաշրջանային ընդհանրական շահերը»,- ասաց պատգամավորը: Նախարարը պատասխանեց, որ հարաբերությունների փոփոխությունները մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չեն, հետևողական քաղաքականության արդյունք են:
«Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ կրկնեմ՝ չկան խնդիրներ, կան հարցեր, ինչը բնական է հարևան երկրների միջև: Դրանք բազմաթիվ են և մենք կառուցողական հունով լուծում ենք»,- ասաց նախարարը:
Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունները և զարգացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: