Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։ ՀՀ Պնախարարը գործընկերներին ներկայացրել է Աֆղանստանում, և ընդհանրապես լայն տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու տեսլականը, առաջարկել որոշակի լուծումներ՝ խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակներում։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձևաչափի վերաբերյալ։
Բրյուսել այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարվել են ՀՀ-ի և ԵՄ-ի ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։
Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակներում Վիգեն Սարգսյանը Կառնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպել է միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է փորձագետների հարցերին, ծանոթացել նրանց վերջին հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին։