ՌԴ էկոնոմիկայի նախկին նախարար, Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի ղեկավար և տնտեսության հարցերով Կրեմլի ոչ պաշտոնական խորհրդական Ալեքսեյ Կուդրինն ասել է, որ Ռուսաստանը տնտեսական զգալի աճ չի գրանցի, եթե չվերականգնի Արևմուտքի հետ պատժամիջոցների հետևանքով սառեցված համագործակցությունը:
«Ներքին պահանջարկը չի հասցնի տնտեսական աճը մինչև 3-4 տոկոս»,- ասել է Կուդրինը «Պրիմակովյան ընթերցումների ֆորումում»: Նրա համոզմամբ, Ռուսաստանը պետք է ավելի ընդլայնված ներկայացվի էներգակիրների բիզնեսի հետ չառնչվող արտահանման շուկաներում, եթե ցանկանում է հաղթահարել ճգնաժամը և շահույթով դուրս գալ տնտեսության համար կորսված տասնամյակից:
«Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե բարելավվեն կապերն Արևմուտքի հետ, որն ունի Ռուսաստանի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ և տեխնոլոգիաներ,- ասել է Կուդրինն ու հավելել,- անհրաժեշտ է մի կողմ դնել ամբիցիաները կամ վիրավորվածությունը, ես համոզված եմ, որ դա հնարավոր է»: