Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երեկ երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ընդհարման մասին: Անկարան «դատապարտել է հայկական զինված ուժերի սադրիչ գործողությունները և ցավակցել զոհվածների ընտանիքներին»:
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հայաստանի՝ դիտավորյալ ու համակարգված կերպով վարած բռնության քաղաքականությունը ամենամեծ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին և անհրաժեշտ ճնշում գործադրել օկուպացված տարածքներից Հայաստանի հետ քաշվելու ուղղությամբ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է՝ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության լուծման համար՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում արդար ու մնայուն լուծում գտնելու ուղղությամբ»: