ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը գնահատելու համար անհրաժեշտ է մի շարք գործոններ հաշվի առնել՝ հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ Երևանում «Հայաստանի Հանրապետություն, երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում. առաջին արդյունքները» կլոր սեղանի բացման ժամանակ իր ելույթում։
Նախարարն ընդգծեց, որ ինտեգրման մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն կոնկրետ թվերը, այլև համատեքստը։ «Գոյություն ունեն ոչ միայն փաստեր, այլև ակնկալիքներ, որոնց ֆոնին մենք գնահատում ենք՝ ի՞նչ ունենք և ինչ ենք ակնկալում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունից Հայաստանի ակնկալիքները բավական բարձր էին։ Նախարարի խոսքով՝ երբեմն համեմատվում է ԵՄ-ի փորձի հետ։ Սակայն այդ պարագայում պետք է հաշվի առնել ոչ միայն ձեռքբերումները, այլև այն, թե քանի տարի է քեզ անհրաժեշտ։
Ըստ նախարարի՝ եթե ընդհանրացնենք, երկու տարում Հայաստանի ռեսուրսն ընդլայնվել է, ներկրվող ապրանքները գները՝ նվազել։ Սակայն մի շարք ցուցանիշներ կան, որոնք վերաբերում են դեռ առկա պատնեշներին, տնտեսական աճին, առաջընթացին, որն այնքան էլ ակնհայտ չէ։ Այդ ամենը պետք է քննարկել ու նշել ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատել։ Գաբրիելյանի հավաստմամբ՝ գոյություն ունի հսկայական, դեռ չօգտագործված պոտենցիալ։
Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի խոսքով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրական ազդակ է հաղորդել Հայաստանի և Բելառուսի երկկողմանի հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Դեսպանը հավելեց, որ Երևանը վերջին տարիներին ԵԱՏՄ շրջանակում միջոցառումներ անցկացնելու կարևոր հարթակ է դառնում։
Ղազախստանի դեսպան Թիմուր ՈՒրազաևը նշեց, որ չնայած Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ոչ մեծ թվերին, 46 տոկոս աճ է գրանցվել։
Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը փոխանցեց Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի ողջույնը։ «Կազմակերպության շրջանակում Հայաստանը մեծ հաջողությունների է հասել»,- ասվում է դեսպանի ուղերձում։ Դեսպանը հետագա հաջողությունների, ինչպես նաև կազմակերպության կարևոր նախագծերին մասնակցության մեծ պոտենցիալ է արձանագրել։