ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի՝ երեքշաբթի օրը տեղի ունեցած խախտումներով, որոնց հետևանքով շփման գծի մերձակայքում քաղաքացիական անձինք զոհվեցին, «այդ թվում, հնարավոր է, երկու տարեկան երեխա»՝ հինգշաբթի օրը Վաշինգտոնում ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:
«Ցանկանում ենք մեր սրտանց ցավակցությունները հղել այդ զոհերի ընտանիքներին»,- ասել է Նաուերթը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ընդգծել է Նաուերթը:
«Մեր քաղաքականությունը տարածաշրջանում հստակ է մնում, այդ հակամարտության միակ լուծումը կարգավորումն է բանակցությունների ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որ ներառում է հավատարմություն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: