ՄԱԿ-ը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
«Ինձ հարցրել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությանը մեր արձագանքի մասին: Ինչպես հունիսի 22-ի հայտարարությունում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մեզ ավելի ու ավելի է մտահոգում անվտանգության իրավիճակի վատթարացումը, այդ թվում՝ շփման գծի ողջ երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերջին խախտումները»,- հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել և սատարում ենք [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների վերջին հայտարարությունը հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում բռնության վերսկսման առնչությամբ, որի հետևանքով զոհեր եղան, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասել է Դյուժարիկը՝ հակամարտող կողմերին կոչ անելով խուսափել ռազմական գործողություններից և քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման, հետագա բռնությունների կանխման ուղղությամբ: «Բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ շուտափույթ վերադարձը այս տևական ու վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»,- շեշտել է ՄԱԿ-ի խոսնակը: