Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Forbes. Ալիևի ռեժիմը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ պատերազմ

Forbes. Ալիևի ռեժիմը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ պատերազմ
09.07.2017 | 00:32

Ամերիկյան ֆինանսատնտեսական Forbes պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հաճախակի դրսևորմանը և վերլուծել պատճառահետևանքային կապը Ադրբեջանի՝ անկում ապրող տնտեսության հետ: «Մայիսի 18-ին Ադրբեջանն առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա ՌԴ ԱԳՆ-ի զայրույթը՝ խախտելով նախորդ տարի հակամարտող կողմերի միջև հաստատված անկայուն հրադադարը: Սա բավականին եզակի քննադատություն է պատմականորեն չեզոք կառույցների կողմից»,- գրում է հոդվածի հեղինակ Մովսես Տեր-Հովհաննիսյանը:


Նա նշում է, որ օգտագործելով իսրայելական Spike հակատանկային հրթիռային համակարգը՝ Ադրբեջանը թիրախավորեց Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը: «Սա տեղի ունեցավ, երբ Ադրբեջանը պարբերաբար հայտարարեց Հայաստանի կողմից բռնության դրսևորման մասին: Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններով հանդես եկավ նաև այն ժամանակ, երբ արժեզրկեց իր ազգային տարադրամը՝ մանաթը, 2015-ին, ինչը հանգեցրեց նրան, որ միջին կենսամակարդակ ունեցող ադրբեջանցին կորցրեց խնայողությունների համարյա կեսը»՝ նշել է Մովսես Տեր-Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս ճգնաժամին հաջորդեց 1994-ին Բիշքեկում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարից հետո շփման գծում ամենամեծ բռնության դրսևորումը: «Հենց նույն շաբաթում, երբ թիրախավորվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, Ադրբեջանի միջազգային բանկը ձախողեց 100 մլն վարկի վճարումը և Նյու Յորքում հայտարարեց իր սնանկացման մասին: Դրանից հետո բանկը Ադրբեջանի էներգետիկ հսկա համարվող պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին տրամադրեց 2 մլրդ դոլար վարկ, սակայն ընկերությունը նույնպես չարդարացրեց սպասելիքները և համաշխարհային վարկանիշային «S&P Global Rating» ընկերության կողմից արժանացավ բացասական գնահատականի»,- ընդգծում է հոդվածագիրը:


Վարկային վարկանիշների կտրուկ նվազում, նավթի և գազի արտադրության անկում, երկրի շինարարական հատվածի հետընթաց, դրան զուգահեռ գնաճ. Ադրբեջանում տիրող իրավիճակը համեմատելի է «հոլանդական հիվանդության հետ, երբ տնտեսության որոշակի հատվածի առաջխաղացումը զուգակցվում է մյուս հատվածների անկման հետ: Նավթային եկամուտներից կախված իր իշխանությունը պահպանել ցանկացող Ալիևին մնում էր ոչ այլ ինչ, եթե հանգստացնել բնակչությանը՝ համախմբելով դրոշի շուրջ»: Նախորդ տարվա ապրիլին լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան դրսևորվեց Պանամայի փաստաթղթերի հրապարակման նախօրեին. դրանք բացահայտեցին Ալիևների ներգրավվածությունը խարդախության ու նեպոտիզմի մեջ: Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի հաճախակիացող սրումը միանշանակ պայմանավորված է թե երկրի տնտեսության անկմամբ, թե Ադրբեջանի մեծ ցանկությամբ՝ բացահայտելու վերջին տասնամյակում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից գնված զինտեխնիկայի կարողությունները: Իսկ Թալիշ գյուղի մոտակայքում վերջերս 10 տանկերի տեղակայումն ու դուրսբերումը հեղինակը համարում է ոչ այլ ինչ, եթե ոչ մոլորության մեջ գցելու նպատակ հետապնդող մի ծրագիր. Ադրբեջանն այսպես փորձարկումներ է իրականացնում:


«Ալիևի ռեժիմը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ պատերազմ, երբ իր նավթային ենթակառուցվածքը հնարավոր է հայտնվի սպառնալիքի տակ, ուստի պարզապես սահմանափակվելու է բախումներով, ինչին ականատես եղանք նախորդ տարի»,- եզրափակում է Forbes-ի հոդվածագիրը:

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ