ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին գրել է. «Մենք պայմանավորվեցինք Սիրիայի հատվածներում հրադադարի մասին, որ կյանքեր է փրկում: Ժամանակն է առաջ շարժվել Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության մեջ»:
Մեկ այլ թվիթում նա անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտությանը: Թրամփը գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կտրականապես հերքել է այդ պնդումները: «Ես երկու անգամ վճռականապես հարցրել եմ նախագահ Պուտինին ռուսական միջամտության մասին մեր ընտրություններին: Նա կտրականապես հերքեց»՝ գրել է ԱՄՆ նախագահը:
The New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը 40 րոպե է խլել Թրամփից ու Պուտինից: Ի վերջո՝ ՌԴ նախագահը «բարձրաձայն Մոսկվայի միջամտության ապացույցներ պահանջեց»: Ի վերջո Թրամփն ասել է, որ ժամանակն է անցնել մյուս հարցերին: Պուտինը մամլո ասուլիսում հայտարարեց, որ Թրամփը շատ ժամանակ է հատկացրել Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը ԱՄՆ ընտրական գործընթացներին: ՌԴ նախագահի կարծիքով՝ Սպիտակ տան տերը «ընդունեց Մոսկվայի չմիջամտության իր փաստարկները»: