ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսի 9-ին Կիևում ասել է, որ Մոսկվան պետք է ձեռնարկի առաջին քայլը՝ ուկրաինական լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Քանի դեռ դա չկա, Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն չեղարկվելու։ Թիլերսոնը ՈՒկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերի հետ ՈՒկրաինա է ժամանել երեկ։ Նա բանակցել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որ Թիլերսոնի այցն անվանել է ԱՄՆ աջակցության հզոր ազդակ՝ Համբուրգում կայացած G20 գագաթնաժողովից անմիջապես հետո։
Համատեղ ասուլիսի ժամանակ Պորոշենկոն և Թիլերսոնը հայտարարել են, որ Վոլքերը մի քանի օր էլ կմնա Կիևում, որպեսզի հորդորի կողմերին՝ կատարել Մինսկի համաձայնությունները։ Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ը հիասթափված է երկու տարվա ընթացքում համաձայնագրի դրական զարգացումների բացակայությունից և մեղքի հիմնական բաժինը, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, կրում է Ռուսաստանը։