Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ՝ տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունները տարբեր, այդ թվում՝ քաղաքական և էներգետիկ ոլորտներում «հաջողությամբ զարգանում են»: Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: «Նախագահ Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ»,- փոխանցում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Իլհամ Ալիևը Ստամբուլում մասնակցում է Համաշխարհային նավթային կոնգրեսին: Նա Ստամբուլում հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը:
«Նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, աջակցում է հակամարտության կարգավորմանը միջազգային իրավական նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: