Business New Europe եվրոպական առցանց պարբերականը անդրադարձել է բուլղարական Anonymous խմբի գաղտնազերծած փաստաթղթերի հիման վրա լրագրող Դիլյանա Գայտանժիևայի հետաքննությանը, որտեղ բուլղարացի լրագրողը աղմկոտ փաստեր է հրապարակել ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերության վերաբերյալ: BNE IntelliNews-ի հրապարակման մեջ նշվում է, որ առանց Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի թույլտվության, միջազգային իրավունքի խախտմամբ, ադրբեջանական SilkWay Airlines միլիարդավոր դոլարների ռազմամթերք է տեղափոխել տարբեր երկրներ: Որոշ դեպքերում այդ զենքերը հայտնվել են ահաբեկչական խմբավորումների ձեռքում և դարձել միջազգային հանցագործությունների գործիք:
2016-ի ապրիլյան պատերազմից օրեր առաջ գաղտնազերծված «Պանամյան փաստաթղթերում» նշվում էր, որ SilkWay Airlines-ը, ինչպես այդ երկրում շատ այլ խոշոր ընկերություններ, պատկանում է Իլհամ Ալիևի ընտանիքին: