Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ քարոզչական նպատակով շարքային քաղաքացիների ողբերգությունն օգտագործելու համար։ Facebook-ի իր էջում Թեոխարուսը նշել է, որ 2017-ի հուլիսի 4-ին Ալիևի ռեժիմը, որի համար սովորական մարդկային կյանքը մեծ նշանակություն չունի, կրկին իր բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործել՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանը հրթիռային կայանքները տեղակայել է գյուղի մերձակայքում և օգտագործել Լեռնային Ղարաբաղի գնդակոծության համար։
«Ադրբեջանի կառավարության դաժան ու անմարդկային մարտավարությունն է օգտագործել հասարակ մարդկանց ողբերգությունը քարոզչական նպատակով՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը։ Անվիճելի փաստ է, որ այդ նույն կառավարությունը վճռականորեն մերժում է հետաքննությունների անկախ մեխանիզմ ստեղծելը, որը կարող է վերջ դնել հրադադարի խախտմանը, անմեղ մարդկային կորուստներին և բանակցությունների ու խաղաղություն հաստատելու համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել»,- ասվում է հայտարարությունում։ Թեոխարուսը խորապես ցավում է ադրբեջանական կողմից անմեղ կյանքերի կորստյան համար։ Նա նաև կոչ է արել իրադրությամբ մտահոգ բոլոր կողմերին օբյեկտիվ լինել և կարծիք հայտնել՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը Ղարաբաղում ԻՊ-ի ոճով մահապատիժ են իրականացնում՝ սոցկայքերում որպես ավար ցույց տալով զոհերի մարմնի մասերը և խեղանդամ դարձնում 90-ամյա տարեց բնակիչներին՝ ինչպես եղավ 2016-ի ապրիլին։