Կոռեկտ չեմ համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Հաց բերողի» մահվան հանգամանքներին: Նա հիշեցրեց, որ գլխավոր դատախազությունն արդեն պարզաբանումներ տվել է Արթուր Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորվելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, գլխավոր դատախազը կրկին նշեց, թե ինչու առաջին անգամ կալանքից ազատվեց Արթուր Սարգսյանն ու ավելի ուշ կալանավորվեց: «Առաջին անգամ կալանքը փոխվել է կոնսիլիումի մասնագիտական եզրակացության հիման վրա, մասնագիտական կարծիքը հնարավորություն էր տվել փոխելու խափանման միջոցը։ Դրանից հետո նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն, որի եզրակացությունը հակասում էր կոնսիլիումի եզրակացությանը, որոշվեց նշանակել կրկնակի փորձաքննություն: Հստակեցվեցին նախորդ փորձաքննության բացերը և տրվեց վերջնական եզրակացություն, որ Արթուր Սարգսյանը տառապում էր հիվանդություններով, որոնք չեն համընկնում կառավարության որոշմամբ կալանքի հետ անթույլատրելի հիվանդությունների հետ: ՈՒզում եմ ասել, որ երկրորդ կալանավորման համար սա չէր հիմք հանդիսացել, այլ դատավարական օրենքի պահանջը:
Արթուր Սարգսյանը խախտում էր թույլ տվել: Նա պատշաճ ծանուցվել էր, բայց չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, բացի դրանից գործով տվյալներ էին ձեռք բերվել Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- ասաց Արթուր Դավթյանը: