ԱՄՆ նախագահի ավագ որդու և ռուս իրավաբանի միջև 2016-ին հանդիպման միջնորդն ու կազմակերպիչը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան՝ ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը՝ գրում է The Atlantic-ը:
Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը մտերիմ կապերի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու համարվում է անշարժ գույքի շուկայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Արազ Աղալարովին հաճախ անվանում են «Ռուսաստանի Դոնալդ Թրամփ»: Հայր ու որդի Աղալարովների կապը Թրամփի հետ ստեղծվել է 2013-ին, երբ նրանց նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվել է այն ժամանակ Թրամփին պատկանող «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը: Աղալարով-Թրամփ կապն այնքան է ամրապնդվել, որ Էմին Աղալարովն արտասահմանյան համերգներից մի քանիսը կազմակերպել է ԱՄՆ նախագահին պատկանող տարածքներում: Դեռևս մարտին Forbes-ը տեղեկացրել էր, որ Էմին Աղալարովը 2016-ի նախագահական քարոզարշավի ժամանակ մշտական կապի մեջ է եղել Թրամփ ընտանիքի հետ: Նա նամակագրական կապ է պահպանել Դոնալդ Թրամփ-կրտսերի հետ, որը խոստովանել է հարցազրույցներից մեկի ժամանակ: