Վրաստանը չպետք է ուղղակի բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի Դաշնության հետ՝ Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ մեկնաբանելով խորհրդարանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» խմբակցության անդամների այցը Մոսկվա:
Իզորիայի խոսքով՝ նման այցերը արդյունավետ չեն, հատկապես մի իրավիճակում, երբ Ռուսաստանի կողմից ուղղակի ռազմական ագրեսիայի վտանգը վերացված չէ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վրաց պատգամավորները Պետդումայում ռուս գործընկերների հետ քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հարցերը: Թբիլիսին ավելի վաղ չեղարկել է ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը, Մոսկվան, սակայն, դեռ պահպանում է Վրաստանի քաղաքացիների համար։