Մենք կողմնակից ենք երկու երկրների միջև ուղղակի երկխոսությանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով հուլիսի 11-ին Բրյուսելում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: «Այս տեսանկյունից միայն ու միայն մեր գոհունակությունը կարող ենք հայտնել, որ երկու ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունեցավ: Ես բազմիցս ասել եմ, ու ոչ միայն ես, որ այս խնդրի կարգավորումը ռազմական այլընտրանք չունի: Պետք է բանակցված տարբերակով հարցը լուծվի, իսկ բանակցելու համար մարդիկ պետք է կանոնավոր հանդիպեն և դրանց ընթացքում կարողանան եզրահանգումների գալ»,- նշեց դեսպանը:
Շարպանտիեն ընդգծեց, որ ԱԳ նախարարների հանդիպումները դրական առաջընթաց կարող են արձանագրել՝ հիմք դառնալով երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպումների համար: «Հիմա պարզապես պետք է ակտիվորեն աշխատել, որ վերջին հանդիպմանը հաջորդեն այլ հանդիպումներ»,- հավելեց նա: